Զարմանալի բացահայտումը կատարել են Սլովենիայից հնագետները. նրանք մայաների երկու հնագույն քաղաք են հայտնաբերել, որոնք դարեր շարունակ թաքնվել են Մեքսիկայի հարավ-արեւելքում գտնվող ջունգլիներում:
Գիտությունների եւ արվեստների սլովենական ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնի դոցենտ Իվան Սպարժցի խոսքով՝ իր խումբը հնագույն քաղաքները հայտնաբերել է ապրիլին: Երկու քաղաքների՝ Լագունիտի եւ Տամաչենի ցնցող բացահայտումը կատարվել է Յուկատան թերակղզում, երբ գիտնականները հետազոտել են տարածաշրջանի օդային լուսանկարները:
Ամեն քաղաքում հայտնաբերվել են պալատ, հրապարակներ եւ բուրգեր, որոնցից մեկի բարձրությունը շուրջ 20 մետր է: Գիտնականները գտել են նաեւ հրեշի բերանի տեսք ունեցող պարիսպ, որը, ամենայն հավանականությամբ, եղել է քաղաքի կենտրոնի գլխավոր մուտքը: Հետազոտողի խոսքով՝ երկու քաղաքներն իրենց բարգավաճման գագաթնակետին են հասել ուշ դասական ժամանակաշրջանում (մ.թ. 600-1000թ.թ.): Այս մասին գրում է «FedPost.ru»-ն:
Գիտնականների խումբը հետազոտել է 10-12 հա տարածք ամեն քաղաքի շուրջ, սակայն, նրանց կարծիքով, քաղաքներն ավելի շատ տարածք են զբաղեցրել: Այժմ գիտնականներն անհամբերությամբ սպասում են, թե երբ կարող են Յուկատան մեկնել եւ սեփական աչքերով տեսնել իրենց հայտնագործությունը:
«Ես վստահ եմ, որ ջունգլիներում տասնյակ նման քաղաքներ են թաքնված»,- հավելել է նա՝ նշելով, որ նոր բացահայտումները կախված կլինեն հետագա ֆինանսավորումից:
Անցյալ տարի Սպարժցը մայաների եւս մեկ հնագույն քաղաք էր հայտնաբերել՝ Չակտունը, որը Լագունիտից 10 կմ հյուսիս է գտնվում եւ Տամչենից՝ 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:





























