Չենք հրաժարվում մասնավոր բուհերի պետպատվերների գաղափարից, լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Պետությունը, ըստ նրա, ընդառաջ է գնացել մասնավոր բուհերի բողոքներին, որ բանակից տարկետումը վճարովի տեղերով հնարավոր է միայն պետական բուհերում եւ ուսանողներին վանում է մասնավորներից ու խախտում մրցակցությունը: «Եթե հիշում եք, մենք ականջալուր եղանք բողոքին եւ հանեցինք պետպատվերը վճարովի տեղերից», - նշել է նախարարը:

Նա հավելել է, որ մյուս կողմից էլ, հաշվի են առնվել նաեւ պետական բուհերի այն բողոքը, որ մասնավորներից շատերն ընդունվելը հեշտ է: Քննությունների փոխարեն բավական է հարցազրույց անցնել, իսկ ինչ-որ տեղերում էլ` նույնիսկ դպրոցական վկայականն է հիմք: «Թող մեր երկրում լավ մասնավոր բուհեր լինեն: Սակայն թող նրանք աշխատեն պետականների հետ նույն պայմաններում: Այդ պատճառով էլ մենք ձգտում ենք նրանց համար նույնպիսի պայմաններ ստեղծել», - հավելել է Աշոտյանը:

«Կրթական բիզնեսը նույնպես բիզնես է: Սակայն ցանկացած բիզնես մտածում է իր հեղինակության մասին: Համենայն դեպս, պետք է մտածի: Իսկ այժմ ձեռքներդ խղճներիդ դրեք եւ ասեք` շատ են արդյոք Հայաստանում բարձր հեղինակությամբ մասնավոր բուհերը: Ես կողմ եմ, որպեսզի մնան նրանք, որոնք կրթական բարձր որակ կապահովեն», - հավելել է Աշոտյանը: