Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի բնակիչները շարունակում են բողոքել «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի դեմ, որը արդեն մի քանի ամիս է գարշահոտություն է տարածում: Բնակիչների տեղեկություններով, այդ ՍՊԸ-ն պատրաստում է պարարտանյութեր. նրանք վախենում են, որ տհաճ հոտ տարածելուց բացի, արտադրամասի արտանետումները կարող են վնասակար լինել իրենց առողջության համար:
«Որքան գիտենք, նաեւ հավի ծերտից են պարատանյութ ստանում, քիմիական հավելումներ են անում ու դա եփում են: Դրա եփելու հոտն ա տարածվում: Գյուղացիների մոտ սրվել են քրոնիկ հիվանդությունները, կին կա, ում մոտ ասթման ա ուժեղացել: Մի տղա կա, նա էլ կարմիր, արյունոտ աչքերով է արթնանում: Արտադրամասին մոտ ապրողներն էլ ասում են, որ իրենց հավերը սատկել են, ծառերը չորանում են: Իրականում պետք է մասնագետ գա, որ կարողանա կապել դրանք իրար հետ եւ հասկանալ խնդիրը»,- Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նուռնուս գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել:
Բնակիչը պատմեց, որ արտադրամասի տնօրենը իրենց խոստացել է երկու ամսվա ընթացքում վերացնել գարշահոտությունը, բայց իրենք չեն հավատում նրա խոսքերին:
«Երեք ամիս առաջ խոստացել էր արտադրամասի տնօրենը, որ այդ հոտը կպակասի, ֆիլտրներ պետք է դնեն, բայց իրականում դա տեղի չի ունենում, հոտը ավելի անտանելի է: Հիմա նորից մարդկանց ասում են՝ երկու ամիս սպասեք: Ես մտածում եմ, որ դա հերթական սուտն ա, քանի որ երկու ամիս հետո տեղի ամառանոց գնացողները էլ չեն գա-գնա, պայքարող մարդիկ շատ չեն լինի: Գյուղացիների մի մասին կաշառում են, գործարանի տերը ասելա՝ ձեր ջուրը կքաշենք, դուք մի բողոքեք»,- իր մտահոգությունը հայտնեց բնակիչը:
Գյուղացին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել երեկ, երբ Նուռնուսի գյուղացիները եւ ամառանոց հանգստի եկածները փակել էին դեպի «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի արտադրամաս տանող Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհը՝ ի նշան բողոքի.
«Մոտ 100 հոգի հավաքվել էին, Կոտայքի մարզի ոստիկանությունից եկան, կարծեմ՝ ոստիկանապետն էր եկել: Ոստիկանը կամ ձեւացրեց, կամ իսկապես փորձեց բանակցել տնօրենի հետ: Երեկվա դրությամբ, արգելեց որեւէ հումք ներմուծել, տանել գործարան: Մտածում եմ, որ դրանով ուղղակի ժամանակ է ձգձվում, քանի որ ինչ-որ հասարակ մարդ չեր կարող նման գործարան սարքել, մեջքին մեկը կանգնած է ու ոստիկանին էլ կկաշառեն»:
«Առողջ Սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի դեմ բողոքող քաղաքացիները մեծ մասը այդ գյուղում ամառանոց գնած քաղաքացիներն են,որոնք չեն կարողանում իրենց հանգիստը վայելել:
«Ձմեռվանից է այդ գարշահոտությունը, խայտառակ հոտ է տարածվում ամիսներ շարունակ: Կարծես սպանված կենդանու հոտ լինի, դիակի հոտ լինի: Ըստ երեւույթին, մեծ քանակությամբ ազոտ են օդ թողնում, մենք գնում ենք ամառանոց մաքուր օդ շնչելու, բայց այդ հոտից փակում ենք պատուհանները, անհնար է այդ օդը շնչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լաուրա Գեւորգյանը, որը Նուռնուս գյուղում ամառանոց ունի:
Նուռնուս գյուղի բնակչները տեղեկացրին , որ ուրբաթ օրը պատրաստվում եմ գնալ Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը ներկայացնելու:
Լուսանկարը՝ hetq.am-ի





























