Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի գործն ուղարկվել է դատարան, սակայն երկու մեղադրանք՝ 112-րդ հոդվածի 1-ին մասն ու 376-րդ հոդվածի 1-ին մասը, կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, մնացել է միայն 358.1-րդ հոդվածի 3-րդ մասը, որն էլ նախաքննական մարմինը ցանկանում է գործն ուղարկել դատարան: Արմանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ, այս պահին գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Արման Թադեւոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ շարունակելու է պայքարը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով: Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:




























