Հայաստանի ԱԻՆ-ում քննարկվել են պատվարների սեյսմիկ գնահատման խնդիրները: Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` «Ճապոնիայում ջրամբարների պատվարների սեյսմիկ վերլուծության մեթոդներն ու չափանիշները» թեմայով:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ՀՀ կառավարության խնդրանքով հետազոտություն է իրականացնում Հայաստանում գյուղատնտեսական եւ ոռոգման ոլորտների վերաբերյալ` աջակցելու Եղվարդի ջրամբարի կասեցված նախագծին: Այդ հետազոտությունների շրջանակներում ճապոնացի փորձագետները քննարկումներ են ունեցել նաեւ ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության մասնագետների հետ: Հանդիպումների ընթացքում ՍՊԾ գործակալության կողմից առաջարկություն է եղել փորձի փոխանակման համար կազմակերպել սեմինար` պատվարների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն ՍՊԾ համակարգի, այլեւ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներ:
Ճապոնական գործակալության խորհրդատվական խմբի փորձագետ Թորու Նակագավան իր զեկույցում ներկայացրել է հնարավոր երկրաշարժի դեպքում պատվարների անվտանգության սեյսմիկ վերլուծության մեթոդները, փլուզման ու ջրածածկման համակարգչային մոդելավորումը:
Զեկույցից հետո ծավալվել է աշխույժ քննարկում եւ հայ մասնագետներին հետաքրքրող բոլոր հարցերին ճապոնացի փորձագետը տվել է սպառիչ պատասխաններ:





























