Երեւանում մայթերի ասֆալտապատումը կավարտվի ժամկետից շուտ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները,  որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով` սալիկապատման եւ ասֆալտապատման: Երեւանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ: Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին եւ, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր  հոկտեմբերի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850  քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը,  ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին:

Շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի  մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաեւ  ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետեւաբար նույն փողոցում հնարավոր են եւ՛ մասնակի, եւ՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երեւանի  թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում: