Եգիպտացի հոգեւորականը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ տղամարդիկ կարող են դիտել, թե ինչպես են կանայք լոգանք ընդունում, եթե նրանց մտադրություններն ազնիվ են:
Եգիպտացի հոգեւորական Ուսամա ալ-Քուզին հայտարարել է, որ լոգանք ընդունող կանանց նայելը մեղք կամ չարագործություն չէ, եթե լրտեսող տղամարդն ազնիվ մտադրություններ ունի: Նրա խոսքով՝ տղամարդկանց թույլ է տրվում գաղտնի հետեւել լվացվող կանանց այնքան ժամանակ, քանի դեռ մտադիր են ամուսնանալ: Ըստ «The Raw Story»-ի, Ուսամա ալ-Քուզին վստահ է, որ դիտելու ընթացքում ապագա ամուսինը կարող է տեսնել այն, ինչն իրենից թաքցվում է:
«Եթե ձեր մտադրություններն իսկապես ազնիվ են, եւ դուք ցանկանում եք ամուսնանալ այդ կնոջ հետ, ապա կարող եք թաքնվել լոգարանում եւ հետեւել, որպեսզի տեսնեք այն, ինչը, որպես կանոն, նա թույլ է տալիս տեսնել միայն հարսանիքից հետո: Սա ընդունելի է, եթե ձեր մտադրություններն ազնիվ են»,- հոգեւորականի խոսքերն է մեջբերում տեղական «Al-Arabiya» հեռուստաալիքը:
Եգիպտացի այլ հոգեւորականները չեն աջակցել իրենց «գործընկերոջը»՝ նրա հայտարարությունը խիստ քննադատության ենթարկելով: Նրանք համարում են, որ Ուսամա ալ-Քուզին դավանանքն օգտագործել է, որպեսզի համընդհանուր ուշադրություն հրավիրի:
Նման կարծիք է հայտնել նաեւ կրոնի հարցերով Եգիպտոսի նախարար Մոհամեդ Մոքհթարը, ով մյուս հոգեւորականների հետ դատապարտել է ալ-Քուզիին. «Մի՞թե լոգանք ընդունող կնոջը հետեւելը պատիվ ու քաջություն է նշանակում: Դուք թույլ կտայի՞ք, եթե խոսքը ձեր դստեր մասին լիներ»,- ասել է նախարարը:
Ըստ «FedPost.ru»-ի, Մոհամեդ Մոքհթարն ընդգծել է, որ իսլամական կանոնները պետք է սահմանվեն բացառապես լիազոր հոգեւոր անձանց կողմից: Նախարարը նաեւ հայտնել է արշավի մեկնարկի մասին, որն ուղղված է աթեիստների եւ իսլամական ծայրահեղականների դեմ՝ նշելով, որ ինքն արդեն ծայրահեղական ուսմունքներում մեղադրվող չլիազորված հազարավոր հոգեւորականների արգելել է աշխատել եգիպտական մզկիթներում:




























