ԵՄ-ն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի բանակցություններ սկսել։ Մինսկում նման  հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության գործերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

«Ես առաջարկել եմ Ուկրաինայում հրադադարի, սահմանի  ամբողջական վերահսկողության եւ հումանիտար օգնություն հասցնելու վերաբերյալ բանակցություններ սկսել՝ միջազգային  իրավունքներին համապատասխան», — ասել է Էշթոնը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ Մինսկում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները «բաց եւ դրական» են եղել։  «Դրանք ընթացել են բոլոր կողմերի պատասխանատվության գիտակցմամբ, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝  հիմնախնդիրը լուծելու համար», — նշել է Էշթոնը։
Ավելի վաղ ավարտվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի  գրեթե երկու ժամ տեւած հանդիպումը։ Հանդիպմանը նախորդել էին Մաքսային միություն-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով խորհրդակցություններ, որոնք նվիրված են եղել Կիեւի հետ ՄՄ երկրների փոխգործակցության հարցերին՝ Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պայմաններում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  ավելի վաղ հայտարարել էր, թե գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են, որ Մինսկը կդառնա բանակցությունների հարթակ՝ Ուկրաինայի հարցերով կոնտակտային խմբի համար։