Այսօր շատ հեշտ է առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել ցանկացած բուհ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ շատ դեպքերում վերջին դասարանների աշակերտները չեն հաճախում դպրոց եւ պարապում են կրկնուսույցների մոտ:
«Շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը եւ կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Նաեւ փաստ է այն, որ ուսանողների մեծ մասը մարզերից են, իսկ այնտեղ չկան կրկնուսույնցների այնպիսի տեսակի գոյությունը, ինչպիսին Երեւանում է»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ԿԳՆ-ն խստորեն վերահսկելու է ավագ դպրոցներին, որ դպրոց չհաճախելու պրակտիկա չկիրառվի: «Ինձ տհաճություն են պատճառում այն խոսակցությունները, որ ծնողներին հաջողվում է ինչ որ կերպ պայմանավորվել տնօրենների հետ՝ երեխաների բացակայությունների հետ կապված: Դուք հսկողության տակ եք գտնվելու ոչ միայն ԿԳ նախարարության կողմից, այլեւ հարկ եղած դեպքում ես ինձ լիազորություն եմ վերապահելու դիմել նաեւ պատկան մարմիններին: Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մի տնօրեն՝ իր թուլություններին եւ գայթակղություններին չդիմանալու պատճառով, ստվեր գցի ամբողջ համակարգի գործունեության եւ գոյության վրա»,-ամփոփել է Աշոտյանը:




























