Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Այս մասին հայտարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օոգոստոսի 27-ին, Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը:

Չորեքշաբթի քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:

Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: