Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ,  որտեղ փակ խորհրդակցություն  է  անցկացրել  դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, արտակարգ  իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին,  առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ  քրեաիրավական գնահատական տալուն,  ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով,  ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված  քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ: