Բարձրահասակ տղամարդիկ կարող են ավելի շուտ ամուսնանալ, սակայն նրանց ամուսնություններն այնքան տեւական չեն, որքան ցածրահասակ տղամարդկանցը:

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում հաստատվել է, որ ամուսնալուծությունների թիվը ցածրահասակների դեպքում ավելի քիչ է եղել՝ ի տարբերություն բարձրահասակների: Նրանք նաեւ հաճախ ամուսնանում են ավելի երիտասարդ աղջիկների հետ եւ շատ ավելի են գումար վաստակում, քանի նրանց կանայք:

«Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ցածրահասակ տղամարդիկ իրենց հասակը փոխհատուցում են բարձր աշխատավարձով, այն դեպքում, երբ բարձրահասակ տղամարդիկ հաճախ իրենց հասակն օգտագործում են կանանց գրավելու համար»,- նշում են հետազոտության հեղինակներ Էբիգեյլ Վայցմանն ու Դալթոն Քոնլին Նյու Յորքի համալսարանից:

Նման եզրակացության գիտնականները հանգել են՝ հետազոտելով ամերիկյան ընտանիքների եկամուտների դինամիկան՝ սկսած 1968 թվականից:

«Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական գրավչությունը կարեւոր գործոն է նոր հարաբերությունների ձեւավորման հարցում, սակայն երկարաժամկետ հարաբերություններում գրավչության դերը փոքր է»,- նշում են հետազոտողները:

Ըստ «Mail Online»-ի, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատանքում բարձրահասակ տղամարդիկ ավելի հաջողակ են, քան ցածրահասակները: Աշխարհի խոշորագույն ընկերությունների 90 բիզնես-ղեկավարների շարքում մեծամասնությունը միջին հասակից բարձր է, սակայն հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բարձրահասակ տղամարդիկ ավելի շատ են վաստակում:

Նոր հետազոտության հեղինակները հաստատել են, որ տղամարդու հասակը կարեւոր նշանակություն ունի ընտանեկան հարաբերություններում: Մասնավորապես դա կապված է տնային գործերի բաշխման եւ աշխատավարձի հետ: Ընդ որում, տնային գործերն ավելի հաճույքով կատարում են բարձրահասակ տղամարդիկ:

Հասակից է կախված նաեւ կողակցի ընտրությունը, նշում են հետազոտողները: Ցածրահասակ տղամարդիկ ամուսնանում են միեւնույն հասակ ունեցող կամ իրենցից բարձրահասակ կանանց հետ: Բարձրահասակ տղամարդիկ հազվադեպ են ամուսնանում իրենց հետ նույն հասակն ունեցող կանանց հետ, առավել եւս իրենցից բարձրահասակ:

Հետազոտողները կարծում են, որ ցածրահասակ տղամարդիկ հակված են գումարով փոխհատուցել իրենց հասակի բացակայությունը: Նրանք նաեւ շատ ավելի են վաստակում, քանի իրենց կողակիցները, որոնք, որպես կանոն, պակաս կրթված են: