Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսին նորմայից 2-3 աստիճանով բարձր էր, օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքը, ըստ նրա, գրեթե ամեն օր գտնվել է արեւադարձային տաք հոսանքների ազդեցության տակ, որոնք ներթափանցում են Իրաքից. «15 օր շարունակ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երեւանում տատանվում էր 37-39 աստիճանի սահմաններում, ինչը բավական բարձր ցուցանիշ է»: Սուրենյանի խոսքով` այս տարի օդի խոնավությունը բարձր էր, ինչը «անտանելի շոգի» զգացողություն էր պատճառում:

Այնուամենայնիվ, չնայած բարձր ջերմաստիճանին, եղանակը կայուն չի եղել: 30 օրվանից 20-ի դեպքում հանրապետությունում դիտվել են կարճատեւ անձրեւներ: «Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 39 աստիճան: Նման ջերմաստիճան գրանցվել էր օգոստոսի  29-ին:

Սա այս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանն էր: Շոգ օգոստոսներ, երբ ջերմաստիճանը 40-ից բարձր էր եղել,  գրանցվել էին 1957 թ., 1976 թ., 1995 թ., 1996 թ., 1999 թ. եւ  2006 թ., երբ  օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 41,8 աստիճանի», - հիշեցրելէ  Գագիկ Սուրենյանը` ընդգծելով, որ 39 աստիճանով օգոստոսը չի կարելի անվանել անտանելի շոգ: