Արարատյան դաշտում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սեպտեմբերի առաջին օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ կեսին կնվազի 10-12 աստիճանով, օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա` օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը Հայաստանում կլինեն նորմայի սահմաններում. «Հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում սեպտեմբերի առաջին 10 օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 22-26 աստիճանի: Ամսվա երկրորդ կեսին չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը նվազի 2-5 աստիճանով: Լոռիում եւ Սյունիքի նախալեռներում սեպտեմբերի առաջին օրերին սպասվում է 22-25 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը ջերմաստիճանը կնվազի 2-6 աստիճանով», - նշել է Գագիկ Սուրենյանը:





























