Արդեն 4 տարի որդուն տեսակցելու համար պայքարող Դավիթ Ծաղիկյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում օրենք չկա, իսկ գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը գործում են՝ ի նպաստ իր աներոջ՝ ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Եսոյանի, որն էլ թույլ չի տալիս Դավիթ Ծաղիկյանին նույնիսկ հեռվից տեսնել երեխային:

«Տղայիս մայրը Հայաստանում չէ, տատիկն ու պապիկն են պահում երեխայիս, այն էլ պապիկը ծանր հիվանդ է, երեխուս ոչինչ չեն սովորեցնում, մենակ հայհոյել. պատկերացրեք՝ 8 տարեկան երեխաս դպրոցի բակում սեռական հայհոյանքներ էր տալիս: Իսկ ես ուզում եմ, որ ինձ պահեն, որ կրթեմ, դաստիարակեմ: Ու դա չեմ անում, որովհետեւ գլխավոր դատախազն ու մյուսները թույլ չեն տալիս, օրենք չկա էս երկրում, ուղղակի անօրեն երկրում ենք ապրում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ծաղիկյանը:

Նա բազմիցս դիմել է պատկան մարմիններին, պահանջել իր հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին, սակայն ապարդյուն. «Ոչ գլխավոր դատախազ Գեւորիկը, ոչ ԱԱԾ քննչականի պետը, տղա չեն, տղամարդկություն չունեն, որ ունենային, հիմա շուտ էս հարցին լուծում կտային: Լեւ Եսոյանը կանգնում ու հայտարարում է, որ իր թոռն իրենից է սերվել, իսկ պատկան մարմինները լռում են, բա ի՞նչ տղամարդկության մասին է խոսքը»:

Դավիթ Ծաղիկյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն կարծում է՝ մինչեւ այդ կառույցը գործի քննությունը սկսի, որդին կդառնա չափահաս եւ կգա իր հետ ապրելու:

«Մնում ա ծայրահեղ քայլերի դիմեմ. կամ կմտնեմ մի գերատեսչություն ու կվառեմ ինձ ու եւս մի քանի հոգու, կամ էլ Ինջիղուլյանի նման սահմանը կանցնեմ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Դավիթ Ծաղիկյանը շուրջ չորս տարի պայքարում է իր երեխային վերադարձնելու համար: Նա համոզված է, որ գլխավոր դատախազությունը ապօրինի թույլ չի տալիս տեսակցել իր որդուն: Երեխայի մայրը ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Եսոյանի դուստրն է: Դավիթ Ծաղիկյանի որդին արդեն ութ տարեկան է, սովորում է Պուշկինի անվան դպրոցում, իսկ հոր պնդմամբ՝ նրան դպրոց են բերում տատիկն ու պապիկը «փակ մեքենայով, ականջներին` նաուշնիկ»: