Երեւանի պետական  համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Բագրատ Հարությունյանը օգոստոսի 29-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել, քանի որ Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքով զրկվում է մասնավոր կազմակերպությունում աշխատավարձից կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացումներից հրաժարվելու մասին դիմում գրելու հնարավորությունից:

«Օրենքի մեջ փոփոխություն արվեց, որ պետական եւ մասնավոր ոլորտում համատեղ աշխատողները պարտադիր դառնում են նոր համակարգի մասնակից, քանի որ ես համատեղում եմ աշխատանքս նաեւ մասնավոր բուհում եւ մասնավոր ընկերությունում, որտեղ իմ աշխատավարձը շատ բարձր է, ավելի շատ գումար եմ կորցնում։ Մյուս կողմից կա նաեւ վիրավորվածության զգացում, որ կառավարությունը ենթադրում է, որ պետական սեկտորում աշխատողները կամազուրկ մարդիկ են, եւ կարելի է նրանց հետ վարվել այնպես, ինչպես հարմար է, սեփականատիրական ինչ-որ զգացում ունեն մեր հանդեպ, ու ես որոշեցի, որ ավելի լավ է՝ դուրս գամ պետական սեկտորից, մնամ մասնավորում եւ շարունակեմ դասավանդել մասնավորում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բագրատ Հարությունյանը:

Բագրատ Հարությունյանի կարծիքով՝ նրանք, ովքեր որոշումը կայացրել են, երկար չեն մտածել, չեն հասկացել, որ մեծ հարված են հասցնում եւ մարդկանց ինքնասիրությանը, եւ կրթության ոլորտին:

«Տեղյակ եմ, որ դասախոսները բաց նամակով դիմել են վարչապետին, բուհերն էլ իրենց ներքին խողովակներով են դիմել, բայց ամեն դեպքում ես վատ աշխատանք եմ տեսնում այստեղ: Արդեն սկսվում են դասերը, իսկ այդ որոշումը հայտնի չէ, այսինքն՝ դասախոսը չգիտի՝ իրեն ինչպես պահի, սա աշխատանքի սխալ կազմակերպում է, այսինքն՝ մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ»,- ասաց նա։

ԵՊՀ նախկին դասախոսի խոսքով՝ դասախոսների աշխատանքից դուրս գալը այն էլ նոր ուսումնական տարվա սկզբին բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի համալսարանի աշխատանքում:

«Ամբիոն կա, ժամանակացույց կա, փաստորեն իմ դուրս գալով էդ մարդկանց աշխատանքը լցվում է ջուրը , քանի որ պիտի փոփոխեն ամեն ինչ, նորից դասացուցակ գրեն, ինձ փոխարինող գտնեն եւ այլն, եւ այլն: Ես բարոյական առումով մեծ խնդիրներ եմ առաջացրել իմ կոլեգաների համար, սակայն եթե ես ձգձգեի, սպասեի ինչ-որ փոփոխությունների եւ կիսամյակի կեսից դուրս գայի, ապա ավելի մեծ խնդիրներ կառաջացնեի»,-ասաց Բագրատ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իր հետ դիմում է գրել եւ աշխատանքից  ազատվել եւս մի քանի դասախոս. «Երբ բարձրանում էի ռեկտորատ, ինձ հետ մի քանի երիտասարդ դասախոս էլ էին դիմումներ բարձրացնում»:

Բագրատ Հարությունյանը նշեց, որ ԵՊՀ այլեւս չի վերադառնա, կդասավանդի 3 մասնավոր բուհերում, աշխատանքի հրավեր արդեն ստացել է:

Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի աշխատողների համար:

Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, որ ծնվել է 1974թ. հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերություններում ստացած իր աշխատավարձերից։