Իրաքը ստացել է ռուսական Մի-28 «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռների հերթական խմբաքանակը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այդ ուղղաթիռները կշահագործվեն՝  իրենց ներդրումն ունենալով «Իսլամական պետության» դեմ պայքարում», — ասվում է Իրաքի ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Վերջին ժամանակներս կատարված գործողությունների պայմաններում Իրաքի զինված ուժերն ունեն այդ տեսակի մեքենաների մեծ պահանջ», — նշել է Իրաքի զինված ուժերի գեներալ-լեյտենանտը: Սպան ընդգծել է, որ այդ ուղղաթիռներն ունեն անհրաժեշտ հզորությունը եւ կարող են շուրջօրյա  հանձնարարություններ կատարել:  Ըստ նրա` տվյալ մեքենաները կարող են ոչ միայն մարտում օգտագործվել, այլեւ շրջափակված շրջաններ օգնություն հասցնել, ինչպես որ տեղի ունեցավ եզդիների դեպքում, որոնք Սինջար լեռան վրա էին ապաստանել՝ փախչելով ԻՊ գրոհայինների հետապնդումներից:

Ուղղաթիռների  ճշգրիտ թիվը չի նշվել: Ըստ  տեսագրության` մատակարարվել է առնվազն երեք ուղղաթիռ:

Ռուսաստանը եւ Իրաքը սպառազինություն մատակարարելու պայմանագիր ստորագրել են 2012 թ.: Նրա արժեքը 4,2 միլիարդ դոլար է: