Հրազդանցի 13-ամյա Քրիստինե Գրիգորյանն այս տարի էլ հասակակիցների հետ դպրոց չգնաց։ Վաղաժամ ծնվելու հետևանքով Քրիստինեն ուղեղի կաթված է ստացել եւ չի կարողանում քայլել ու նորմալ խոսել.

«Ինչպես եւ անցած տարի, այս տարի էլ աղջիկս տնային ուսուցում կանցնի։ Բայց դե, նա էլ բոլորի պես երազում է դպրոցում սովորելու մասին, անգամ նոր զգեստ է պատվիրել։ Քրիստինեն անգլերեն է շատ սիրում, համակարգչով լսում է ու սովորում»,- պատմում է Քրիստինեի մայրը՝ Նաիրա Մնացականյանը:

Մոր խոսքով՝ Քրիստինեն թեեւ արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ երբեք դպրոց չի հաճախելու, բայց դա նրան չի խանգարում երազանքներ ունենալ։ Քրիստինեն երազում է  դերասանուհի դառնալ:

Քրիստինեի լիարժեք բուժումը հնարավոր չէ, բայց  վերականգնողական կուրսեր անցնելու դեպքում նա գոնե կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել, սակայն սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ վճարել Քրիստինեի բուժման համար։

Նույն քաղաքի մեկ այլ մասում հասակակիցներին պատուհանից դպրոց ճանապարհեց 11-ամյա բնակիչ Դավիթ Դավթյանը։ Դավիթն անցյալ տարի այս օրերին պատահաբար ընկել էր և ուշագնաց եղել: Բազմաթիվ հետազոտություններից հետո տղայի մոտ ախտորոշվել էր պոլինեյրոպաթիա, որն ախտահարում է օրգանիզմի պերիֆերիկ և գանգուղեղային նյարդերը։ Հիվանդության հետեւանքով Դավիթի ոտքերը մեկ տարի շարունակ չէին շարժվում: Մեկ տարի բուժվելուց և վերականգնողական կուրսեր անցնելուց հետո Դավիթն արդեն կարողանում էր մտերիմների օգնությամբ քայլել և նույնիսկ հեծանիվ նստել: Այդ մեկ տարվա ընթացքում տղան, սակայն, դպրոց չէր հաճախել եւ դասերից հետ էր մնացել։ Այս սեպտեմբերին նա պիտի դպրոց  գնար, սակայն մարզվելիս պատահաբար ընկել էր։

«Ամեն ինչ առել էի տղայիս համար, շորեր, գեղեցիկ պայուսակ, ասեցի, մի տարի հետ ա մնացել ընկերներից, թող ամենալավ ձևով գնա, մենք էլ էինք ոգևորվել, անգամ տաքսի էի վերցրել, որ ամեն օր էրեխուս դասի տանի, բերի, բայց մի քանի օր առաջ Դավիթը հեծանիվ քշելուց ընկավ ու ոտքը կոտրեց: Դե հեծանիվ էլ առել էի, որովհետև բժիշկներն էին խորհուրդ տվել, որ մկանները բացվի, բայց էրեխես հիմա էլ գիպսի մեջ ա պառկած, չգիտեմ էլ՝ ինչ անեմ, էլի հետ մնաց դասերից»,-պատմեց Դավիթի մայրը՝ Տիկին Ռուզաննան:

Նշենք, որ Դավիթը վերականգնման երկարատեւ կուրսերի կարիք ունի, սակայն, ֆինանսական միջոցներ տղայի ընտանիքը չունի:

12-ամյա Ալեքս Պողոսյանն արդեն յոթերորդ սեպտեմբերի 1-ն է տանը դիմավորում: Կապանցի փոքրիկի երազանքն է հաջորդ սեպտեմբերին ինքնուրույն քայլերով դպրոց հասնել և նոր ուսումնական տարում միանալ ընկերներին: Բնածին հաշմանդամության պատճառով Ալեքսը քայլել չի կարողանում, ուսուցիչները նրա հետ տանն են պարապում։

Ալեքսը բազմաթիվ վիրահատություններ է տարել, միայն մեկն է մնում, դրանից հետո ոտքը կպրոթեզավորեն, և տղան կկարողանա ինքնուրույն քայլել, սակայն, դրա համար էլ մեծ գումար է անհրաժեշտ:

Հայրը` Ալեքսան Պողոսյանը, որն արցախյան ազատամարտի մասնակից է, ասում է, որ անհարմար է զգում հաշվեհամար բացել և օգնություն խնդրել, մինչեւ այսօր մարտական ընկերներն են օգնել։ Երեք անչափահաս երեխաների հետ Ալեքսանի ընտանիքը վարձով է բնակվում Կապանի Շինարարների թաղամասի վթարային շենքերից մեկում։

Ալեքսը բացի լավ սովորելուց նաև լավ նկարում է, ինքնուրույն սովորել է գծագրեր  ու գորգերի նախշեր անել, երազում է համակարգիչ ունենալ եւ իր նախշերով գործված գորգ կամ կարպետ։ Տղայի ամենամեծ երազանքը քայլելն է։ Որոշել է վիրաբույժ դառնալ, որ բոլոր երեխաները կարողանան քայլել։