Եվրասիական տնտեսական միությունում քաղաքականությունը երկրորդական դերակատարում ունի՝ տնտեսության համեմատությամբ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ այդ մասին են վկայում մի շարք գործոններ: Դրանցից մեկը Նուրսուլթան Նազարբաեւի վերջին հայտարարությունն է այն մասին, որ ԵՏՄ-ից դուրս կգա, եթե իր ինքնիշխանությանը սպառնալիք զգա: Երկրորդը Բելառուսի վերաբերմունքն է Ուկրաինայի դեպքերին, որը արմատապես տարբերվում է ռուսականից. Հանրապետությունը հումանիտար օգնություն չի ուղարկում Ուկրաինա եւ փախստականների չի ընդունում:
«Մյուս կողմից, նույն Նազարբաեւը բազմիցս ընդգծել է, որ ինքն է ՄՄ-ի` որպես տնտեսական միավորման գաղափարի հեղինակը: Սակայն քաղաքական բնագավառում հակասություններ են դիտվում: Ինչեւէ, հակասությունները ցանկացած կենդանի կառույցում միանգամայն բնական են: Իսկ տվյալ դեպքում դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ ԵՏՄ-ն հենց տնտեսական ուղղվածություն ունի»,- նշել է Մինասյանը:





























