Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի վիճակն այս պահին կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց արցախցի գործարարի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը:
«Լեւոն Հայրապետյանի վիճակն ուրբաթ եւ շաբաթ օրերին շատ վատ էր եղել, վատացել էր, որից հետո նրան արդեն կիրակի գիշեր տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այնտեղ նա անալիզներ է հանձնել, ներարկում է արվել, հիմա արդեն վիճակը նորմալ է, միայն հոգեպես է շատ ընկճված»,- ասաց նա:
Մացակ Փոլադյանի խոսքով՝ փաստաբանները մեծ հույսեր ունեն, որ սեպտեմբերի 15-ին Լեւոն Հայրապետյանին հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեն:
«Փաստաբաններն ասում են, որ հանցագործության ոչ մի բիծ չկա, այդ պատճառով մեծ հույսեր ունենք, որ խափանման միջոցը կփոխվի»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:




























