Հայաստանը աշխարհի մրցունակ տնտեսությունների ցուցակում 85-րդ տեղն է զբաղեցրել, նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ մրցունակություն 2014-2015» զեկույցում:
Նախորդ անգամվա ցուցանիշի համեմատ Հայաստանը դիրքերը զիջել է 6 հորիզոնականով:
Առաջին եւ երկրորդ տեղերը պահպանել են Շվեյցարիան ու Սինգապուրը: Եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան:
Ռուսաստանը 53-րդն է, Վրաստանը՝ 69-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը, Թուրքիան՝ 45-րդը, Իրանը՝ 83-րդը:
Ցուցակի վերջում Եմենն է, Չադը եւ Գվինեան:
Մրցունակության ինդեքսը գնահատում է քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու երկրների կարողությունը: Դա առաջին հերթին կախված է նրանից, թե երկիրն ինչպես է օգտագործում ունեցած գոյապաշարները: Ընդ որում՝ ազատ շուկայի պայմաններում կենսապայմաններին օժանդակելու համար որպես կանոն անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետության եւ ապրանքների/ծառայությունների որակի մշտական բարձրացում:




























