ՀՀ բուհերն ավարտած ուսանողները եւ գործատուն կանգնած են լուրջ խնդրի առջեւ, քանի որ չկա փոխվստահություն ուսանողի եւ գործատուի միջեւ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։

«Ուսանողները բուհն ավարտում են եւ չեն կարողանում աշխատաշուկայում իրենց համար հարմար տեղ գտնել, իսկ գործատուն էլ իր հերթին վստահ չէ բուհն ավարտած շրջանավարտի գիտելիքների եւ դիպլոմի համապատասխանության վրա։ Այդ պատճառով էլ նման խնդրի առջեւ ենք կանգնում»,- ասաց Արթուր Աղաբաբյանը՝ նկատելով, որ լավագույն լուծումը կլինի այն, որ բոլոր բուհերի միեւնույն մասնագիտություն ունեցող շրջանավարտները հանձնեն միասնական ավարտական քննություն՝ ապահովելով ինչպես իրենց գիտելիքներն հավաստող դիպլոմի համապատասխանությունը, այնպես էլ բուհի վարկանիշը։

Ռեկտորի խոսքով, չնայած բուհերում դեռ շարունակվում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները, սակայն հիմա արդեն կարելի է ասել, որ դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է։

«Այս պահին բուհ ընդունված ուսանողների քանակի մասին խոսելը պայմանական է, քանի որ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունները շարունակվում են մինչեւ սեպտեմբերի 20-ը, ինչպես նաեւ՝ սփյուռքահայ ուսանողների ընդուելությունը»,- ասաց Արթուր Աղաբաբյանը։

Նշենք, որ այս տարի ընդհանուր առմամբ, միայն ԵՊՀ ընդունվածների թիվը մոտ 15 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ  բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 թափուր տեղ է մնացել։