Իրաքի հյուսիսային շրջանի Շանգալ նահանգում մոտ 20 հազար եզդի է սպանվել ծայրահեղ իսլամիստների կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, որը վերջերս է վերադարձել Թուրքիայում եզդի փախստականների ճամբարից:
«Որպես ցեղապանության հետեւանք կարող ենք նշել այն փաստը, որ Շանգալ եզդիաբնակ մարզը, որտեղ բնակվում էր 600 հազարից ավելի մարդ, ամբողջովին դատարկվել է, եւ տեղի բնակչությունը տեղափոխվել է Թուրքիա, Սիրիա եւ եվրոպական երկրներ: Ցեղասպանության զոհերի թվի մասին հստակ խոսել չենք կարող, քանի որ նույնիսկ ընտանիքների անդամները չգիտեն՝ իրենց ընտանիքի մյուս անդամները որտեղ են, արդյոք մահացած են, թե ողջ, բայց որպես մոտավոր թիվ նշվում է 20 հազարը»,- ասաց նա:
«Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին էլ նշեց, որ փախստական եզդիները, որոնք այժմ ապաստանել են Թուրքիայում եւ Սիրիայում, նպատակ չունեն վերադառնալ իրենց բնակավայր, քանի որ այնտեղ նրանք շրջապատված են մուսուլմաններով, եւ մեծ է կոտորածների կրկնվելու հավանականությունը:
Սաշիկ Սուլթանյանի խոսքով՝ եզդիների սպանությունները Շանգալ նահանգում առանձնակի դաժանությամբ են տեղի ունեցել. «Մոր աչքի առաջ գլխատել են որդուն, եզդի կանանց էլ հիմնականում չէին սպանում, այլ տանում էին որպես գերի եւ վաճառում Մոսուլի շուկայում: Նույնիսկ դեպքեր են եղել, որ կանայք միասին պարանով կապել են իրենց ձեռքերը եւ անդունդից ցած են նետվել, որպեսզի չընկնեն իսլամիստների ձեռքը»:
Բորիս Մուրազին էլ ավելացրեց, որ փախստական եզդիները հոգեբանական շատ ծանր վիճակում են:
«Իրաքի Շանգալ շրջանի եզդիները ցեղասպանություն են վերապրել: Կար ընտանիք, որի 40 անդամներից միայն երկուսն էին ողջ մնացել եւ ապաստան էին գտել Թուրքիայում: 45-ամյա տղամարդն ուղղակի լացում էր, պատկերացրեք՝ ինչ հոգեբանական ծանր վիճակում էր նա»,-ասաց Սինջար միության նախագահ Բորիս Մուրազին:





























