Այս տարի Հայստանի ՀՀ բուհեր ընդունված դիմորդները ամենից շատ նախապատվություն են տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։

«Այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, իրավագիտությունը, ինֆորմատիկան եւ կիրառական մաթեմատիկան, շարունակում են պահպանել իրենց ակտուալությունը եւ ուսանողների շրջանում եւս մեծ պահանջարկ են վայելում»,- ասաց Արթուր Աղաբաբյանը։

Ռեկտորի խոսքով, երբ այլընտրանքային ուսուցման ոլորտը Հայաստանում նոր էր ձեւավորվում, շատերը հոռետեսորեն էին վերաբերվում ծրագրավորողի մասնագիտությանը։

«Բոլորը մի փոքր պեսիմիստական էին նայում, սակայն փորձը ցույց տվեց, որ այդ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի եւ թույլ մասնագետից սկսած մինչեւ լավագույն ծրագրավորողները աշխատաշուկայում իրենց աշխատանքը գտնում են»,- ասաց Արթուր Աղաբաբյանը։

Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ Մովսես Խորենացի համալսարանում պահանջված մասնագիտությունների գծով բաժինների ուսման վարձավճարը վերջին 7-8 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 15 հազար դրամով։

Ռեկտորի կարծիքով, Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի լավագույն ուսանողների արտասահման հոսքը թույլ չտալու համար։

 «Շատ կարեւոր է, որ մեր երկիրը ռազմավարական ծրագրեր իրականացնի եւ անհրաժեշտ է, որ տքնաջան աշխատանք իրականացվի, որպեսզի մենք չկորցնենք մեր ինտելեկտուալ հարստությունը, որը ուսանողների մոտ 10 տոկոսն է կազմում»,- ասաց Արթուր Աղաբաբյանը։