Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի ժ. 15:30-ի դրությամբ ԿԽՄԿ-ից պաշտոնական հաստատում չի ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանի ձերբակալման մասին, NEWS.am-ի թղթակցին ասել է հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նրա խոսքով՝ տեղեկություն կա Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանի վերաբերյալ, որից ծանոթները տեղեկություն չունեն օգոստոսի 25-ից: Ներկայումս ստուգում է կատարվում, պարզվում են ադրբեջանական կողմ ենթադրյալ անցնելու հանգամանքները:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականացված գործողություններին եւ ադրբեջանական մամուլում կալանավորի հայտարարությունների մասին հրապարակումներին, ապա եթե մենք խոսում ենք միեւնույն մարդու մասին, որն անհետացել է Հայաստանից եւ ձերբակալվել Ադրբեջանում, ես նրա խոսքերին այդքան մեծ նշանակություն չէի տա եւ լուրջ չէի ընդունի, քանի որ նա տառապում է հոգեկան լուրջ շեղումներով՝ երկար ժամանակ ալկոհոլը չարաշահելու արդյունքում», - նշել է Արմեն Կապրիելյանը:
Ադրբեջանի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանը ձերբակալվել է օգոստոսի 26-ին՝ Քեմերլի գյուղի շրջանում:




























