Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երեւան է ժամանել արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ հաղորդեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը եւ վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինը ընդգծեց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, եւ այդ առումով կարեւորեց պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարեւոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրույցին անդրադարձ կատարվեց միջագային եւ տարածաշրջանային խնդիրներին։
Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջեւ փոխգործակցության համաձայնագիր ստորագրեցին։






























