Ռուսաստանի կոշտ դիրքորոշման շնորհիվ հարթվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցկացված դասախոսության ընթացքում հայտարարեց  Ժողովրդավարության և համագործակցության Նյու-Յորքի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանը հավանաբար կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: «Պետք է նշել, որ խոչընդոտները, որոնք փորձում էին ստեղծել Հայաստանի համար, փաստացիորեն արհեստական էին: Դրանք ծիծաղելի դրության մեջ էին դնում ոչ թե Հայաստանի ղեկավարությանը, այլ այդ հարցերն առաջադրողներին: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի, եթե Հայաստանը վերջինիս իր մասը չի համարում», - հարցադրեց Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի պատասխանը նմանատիպ հայտարարություններին պետք է լինի ժպիտը եւ հեգնանքը:

Հիշեցնենք, Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր պարունակվում Հայաստանը Եվրասիական միութունում ընդգրկել  միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորից ընդգծել էր ամենակարճ ժամանակում բոլոր  փաստաթղթերն ստորագրելու անհրաժեշտությունը` արհամարհելով Ալիեւի նամակի մասին լուրը: Հայկական կողմը նախընտրել էր չպատասխանել Ալիեւի նամակին: