Մաքսային միությունը շղարշ է, որի օգնությամբ ռուսական դիվանագիտությունը կլուծի մի շարք խնդիրներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նախագահական նստավայրի դիմաց ընդդեմ Մաքսային միության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ընթերցելով Հայաստանի անդամակցության դեմ բողոքող քաղաքացիների կազմած հայտարարությունը:
«Մենք բոլորս գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ, անհեռանկար Մաքսային միությանը, ռուսական նախագիծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին: Մաքսային միությունն այն շղարշն է, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի դիվանագիտական շատ խնդիրներ: Տարիներ շարունակ Ռուսաստանը ցույց է տվել, որ հեռու է ռազմավարական դաշնակից կոչվող հասկացողությունից»,- ընթերցեց Դավիթ Սանասարյանը:
Հայտարարության մեջ ասված էր, որ Ռուսաստանը տարիներ շարունակ խլել է Հայաստանի սեփականությունները. «Ռուսաստանը ռուսականացրեց անվտանգության եւ պետական կարեւոր օբյեկտները, փորձ է անում վնասել սրբության սրբոց մայրենի լեզուն՝ ՀՀ-ում ռուսերենին հայերենին հավասար կարգավիճակ տալու նախաձեռնություններով»:
ՄՄ-ի դեմ բողոքող քաղաքացիները կարծում են, որ Հայաստանը ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցությունից տնտեսապես չի շահի։
«Հայաստանին առաջարկվում է ընտրել մի ուղղություն, որտեղ հիմնական լոկոմոտիվ է հանդիսանում ռուսական տնտեսությունը, որն իր առանցքային ցուցանիշների պատկերով եւ ռուսական փորձագետների բնորոշմամբ խայտառակ վիճակում է: Նույնիսկ Ռուսաստանը չունի լծակներ կամ ռեսուրսներ՝ կանխելու իր անկումը»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալներին՝ ՀՀ նախագահից պահանջելով ազատել նրանց։
«Նրանք դուրս եկան իշխանությունների դեմ Հայաստանի՝ ողնաշարն ամրացնելու եւ անկախության դրոշակը երկնքում պահելու հաստատակամությամբ, առանց վարանելու: Նրանց ազատությունը բոլորիս ազատությունն է, պայքարենք միասին»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Բողոքի ակիցայի մասնակիցները, որոնք իրենց երթը սկսել էին Ազատության հրապարակից, կանգնեցին նախագահական նստավայրի դիմացի մայթին. երթը հսկող ոստիկանները նրանց թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել շենքի մոտ: Ակցիայի մասնկիցները իրենց հետ բերել էին «No Putin, No Cry», «Go Home Putin, You are Drunk» գրությամբ պաստառներ եւ վանկարկում էին «Սերժիկ, տամոժնիկ»:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը։





























