Իրաքի Շանգալ նահանգի եզդի բնակչության կոտորածներին մասնակցել են նաեւ քրդեր, ադրբեջանցիներ, դաղստանցիներ, որոնք ծայրահեղ սուննի մուսուլմաներ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասացին «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը եւ «Սինջար եզդիների միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին, որոնք վերջերս են վերադարձել Թուրքիայում եզդի փախստականների ճամբարից:
Նրանց խոսքով՝ Իրաքի քրդական զորքերն էլ չեն պաշտպանում եզդիներին, ավելին՝ խանգարում են նրանց ինքնապաշտպանության կազմակերպմանը:
«Իրաքի քրդերը հետ են քաշել եզդիների պաշտպանության համար նախատեսված գունդը: Օրինակ, Խանասոլ գյուղում 300 եզդի տղամարդ գնացել եւ զինվորագրվել է, նրանք իրենց տնից տարել են զենք, զինվորական հագուստ. այսինքն քրդական իշխանությունը ոչինչ չի տվել նրանց, բայց երբ որ հետ են քաշվել, նաեւ այդ 300 հոգու զենքն են իրենց հետ տարել»,-ասաց նա:
Բորիս Մուրազին պատմեց, որ Իրաքի քրդերը հիմա նոր բիզնես են սկսել: Նրանք կազմակերպում են Թուրքիա անցած փախստականների տեսակցությունը Իրաքում մնացած իրենց հարազատներից յուրաքանչյուրի հետ՝ 700 դոլարով. «Նրանք նույնիսկ այնքան են լկտիացել, որ Իրաքի լեռներով մի ընտանիքի մեքենայով պտտեցրել էին, իջեցրել Իրաքում մի տեղ, ասել էին՝ դուք Թուրքիայում եք, գնացեք»:
Բորիս Մուրազիի խոսքով՝ Թուրքիայի քրդերն էլ ստեղծված իրավիճակում իրենց շահերն են հետապնդում։ Սեպտեմբերի 2-ին նրանք փակել էին այն ճանապարհը, որով ռազմական օգնություն էր հասնում եզդիներին:
«Այստեղ քաղաքականություն է իրականացվում եւ եթե Թուրքիայի քրդերին քաղաքականապես ձեռնտու չլինի օգնել եզդիներին, իրենք չեն օգնի: Միջադեպ է եղել նաեւ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ. նրանք փորձել են իրենց դրոշը բարձրացնել եզդիական սրբավայրի վրա, եզդիների հրամանատարը արգելել էր՝ ասելով , որ սա սրբատեղի է, ոչ թե պետական կառույց, որ կարողանաք սրա վրա դրոշ բարձրացնել: Դրանից հետո նրանք փակել են ճանապարհը»,- պատմեց նա:
Ըստ բանախոսների՝ Շանգալի եզդիների կոտորածների մեջ մեծ է Իրաքյան Քուրդիստանի դերակատարությունը:
«Այն քրդական ուժերը, որոնք ստանձնել էին Շանգալում եզդիների պաշտպանությունը, հետ են քաշվում՝ իրենց հետ տանելով եզդիների զենքերը, սա նշանակում է, որ եզդիներին թողնում են բախտի քմահաճույքին: Նույնիսկ դեպքեր են եղել, որ 10 կալաշնիկով ավտոմատ ունենալով՝ եզդիները կռվել են 300 հոգու դեմ եւ գյուղը թողել են միայն այն ժամանակ, երբ վերջացել են փամփուշտները: Այսինքն՝ եթե քրդական իշխանությունները խոստումներ չտային, ապա եզդիները աշխահազորային կազմելով կկարողանային պաշտպանել իրենց եւ չհեռանալ իրենց բնակավայրերից»,- ասաց Սաշիկ Սուլթանյանը։
Եզդիների կոտորածներին, Սաշիկ Սուլթանյանի տեղեկություններով, մասնակցել են նաեւ Շանգալի արաբներն ու քրդերը, որոնք 10 տոկոս են կազմում: Նրանք միացել են իսլամիստներին եւ սպանել իրենց հարեւաններին։ Փախստականներից մեկը պատմել է, որ իր հարեւանը զանգել է իրեն եւ ասել. «Ես արդեն քո տանն եմ, վայելում եմ քո հարստությունը, Կեցցե իսլամը»:





























