Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ընդունել է Վերին Շենգավիթի 11 փողոցի բնակիչներին, ովքեր արդեն 23 օր մնացել են առանց ջրի:

Այդ փողոցի բնակչուհի Անահիտ Խրոյանը «ԷկոԼուր»-ին հայտնել է, որ Արմեն Սարգսյանը բնակիչներին հայտնել է, որ ինքը զրույց է ունեցել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն սեպտեմբերի 5-ի առավոտյան սկսել Վերին Շենգավիթի 11 փողոցով նոր ջրագծի անցկացման աշխատանքները: Իսկ թե երբ կավարտվեն այդ աշխատանքները, չի պարզ չէ:

Թաղապետը նաեւ նշել է, որ բնակիչները հոգալու են միայն խողովակների ծախսը (յուրաքանչյուր բնակիչ 20 000 դրամ), իսկ մնացած ծախսերը հոգալու է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն Շենգավիթի թաղապետարանի աջակցությամբ: Անահիտ Խրոյանը նշեց, որ 50 ընտանիք արդեն վճարել է խողովակների համար եւ հավաքվել է 1 միլիոն 100 հազար դրամ: 5 ընտանիք եւս պատրաստվում է վճարել:

Հանդիպման ավարտին բնակիչներից Լյուդվիգ Ասլանյանը նշել է, որ եթե հարցը կրկին լուծում չստանա՝ իրենք դիմելու են դատարան: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ դատարան դիմելու կարիք չկա, եւ ինքը խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Նշենք, որ Վերին Շենգավիթի 11 փողոցում ջրի բացակայության արդյունքում ստեղծվել է հակահիգիենիկ վիճակ, որին բնակիչները այեւս ի վիճակի չեն դիմանալ: