Երեւանում մի քանի մեծահարուստների բնակարաններում ու առանձնատներում ավազակային հարձակումներ կատարելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատական հերթական նիստին այսօր` սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն տեղի ունեցավ Արտուշ Հակոբյանի փաստաբանի եւ մեղադրողի միջեւ, երբ դատավորը որպես իրեղեն ապացույց ցուցադրեց փականագործական բանալին, որով, ըստ նախաքննության, բացվել են տուժողների չհրկիզվող պահարանները:
«Չենք խոսում, չի լինում, խոսում ենք, չի լինում: Բա էդ բանալին գտել են, ոչ մի սեյֆ չգտան, մի հատ սեյֆով անգամ ճանաչում չի եղել: Արդեն ասացին, որ Քանաքեռ ՀԷԿ-ում լճից լիքը սեյֆեր են հանել, տուժողներին մի անգամ չեն կանչել, ասել՝ էդ սեյֆը ճանաչո՞ւմ եք: Հիմի էլ եկել, ասում եք՝ էս բանալիով սեյֆեր են բացել»,- ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:
Նրա խոսքով՝ «Բանդայի գործով» շուրջ 80 բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ են եղել, բայց, չգիտես ինչու, որոշվել է, որ 6 հոգի պիտի գնան դատարան, մինչդեռ նրանց մեղավորությունն ապացուցող ոչ մի ապացույց ու փորձաքննություն առկա չէ:
«Ձերբակալվածներից բոլորի գրպաններում նարկոտիկ են հայտնաբերել, հասկանալի չէ, թե՝ ոնց: Նրանք էլ պատրաստի գրպաններում նարկոտիկը դրած սպասում են, որ ոստիկանը գա, իրենց ձերբակալի»,- ասաց Արսենյանը:
Փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Արտուշ Հակոբյանի ազգականներից շատերին են ձերբակալել, որպեսզի Արտուշ Հակոբյանին ստիպեն չկատարած հանցանքն իր վրա վերցնել:
«Իմ պաշտպանյալ Արտուշ Հակոբյանը անմեղ է եւ արհեստականորեն ամբաստանվել է, դրա համար գնա, նախկին ոստիկանապետին ասա, խի՞ էս էս բանը արել: Միջնորդություն եմ բերում նրան հարցաքննելու, նա ասում է՝ թե ես ի՞նչ գործ ունեմ, բայց մեծ-մեծ խոսում է՝ մենք գիտենք՝ յուրաքանչյուրին ինչ է հասել եւ որտեղ է գողոնը, բա ո՞ւր ա, գնացեք ոստիկանապետին ասեք` ա՛յ բալա, տեսաերիզները նայի: Հիմա ստիպված բացել եք խալխի ճղված շորերը»,-վրդովված ասաց Արսենյանը՝ նկատի ունենալով տուժողների հագուստները, որոնք որպես իրեղեն ապացույց այսօր ներկայացվեցին դատարանում։
Դատախազը միջնորդեց ընթերցել ամբաստանյալների նախկին դատվածությունների մասին դատական որոշումները, ինչին առարկեցին ամբաստանյալների փաստաբաները, սակայն դատավորը, այնուամենայնիվ, որոշեց ընթերցել վճիռները՝ որպես ամբաստանյալների անձը բնութագրող հատկանիշ: Նշենք, որ բոլոր ամբաստանյալները նախկինում դատվածություն են ունեցել։
Դատական նիստը հետաձգվեց փաստաբանների՝ այլ գործերով դատական նիստ ունենալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։





























