Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ Մարդու իրավունքների եվրոպկան դատարանում Հայաստանի դատավոր նշանակվելու մասին խոսակցություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաեւ ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում» եւ չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով՝ Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են»,- նշեց նա:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է. «Ինչպես հայտնի է՝ այս պահին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի տեղը թափուր է, քանի որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Ալվինա Գյուլումյանը ժամանակից շուտ հետ կանչվեց եւ նշանակվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Այժմ մրցույթ է հայտարարվել, եւ ընթանում է փաստաթղթերի ընդունման գործընթաց, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 24-ը:

«Ժամանակի» տեղեկություններով, սակայն, ՄԻԵԴ-ում որպես Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչ դիտարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Այս պահին Կոստանյանի հարցը դրված է լուրջ քննարկման»: