ՉԺՀ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուռումչիում սեպտեմբերի 1-ին մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» 4-րդ միջազգային ցուցահանդեսը եւ համաժողովը, որին մասնակցել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Հայկական ընկերությունները այս խոշոր միջազգային ցուցահանդեսին մասնակցում են արդեն 3-րդ անգամ: Այս տարի հայկական տաղավարում ներկայացված են կոնյակ, գինի եւ օղի արտադրող մի շարք հայաստանյան ընկերություններ:
Սեպտեմբերի 2-ին դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ Սինձյանի կոմիտեի քարտուղար Ճան Չունսյանի հետ: Երկուստեք նշվել է, որ «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսի միջոցով հայկական ապրանքների ներկայացումը կարող է նպաստել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Դեսպան Սարգսյանը նշել է, որ տնտեսական կապերի զարգացման եւ զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման համար չափազանց կարեւոր նշանակություն ունի Երեւան-Ուռումչի ուղիղ չվերթների հաստատումը: Ճան Չունսյանը տեղեկացրել է, որ չինական կողմը եւս կարեւորում է ուղիղ չվերթների կազմակերպումը, եւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ հարցին:
Համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաեւ Սինձյանի նահանգապետ Նուր Բեքրիի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի փոխգործակցությանն առնչվող հարցեր:





























