Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ հասարակության մոտ 80%-ը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման կողմնակիցներն են: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Հայկական սփյուռքը նույնպես կողմ է եվրասիական ինտեգրմանը: «Ավելին, ոչ միայն մենք են ցանկանում ինտեգրվել. ռուսական հանրության շրջանում նույնպես հարցումներ են անցկացվել, որոնք վկայում են, որ Ռուսաստանի հասարակությունը Բելառուսից հետո Եվրասիական միության մեջ հենց Հայաստանին կցանկանար տեսնել: Երկրորդը ռազմաքաղաքական անվտանգության խնդիրն է: Այսօր խոսքը ոչ միայն Ադրբեջանի սպառնալիքների մասին է, այլեւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների: Ի դեմս Ռուսաստանի հզոր դաշնակից ունենալով՝ մենք երաշխավորում ենք մեր անվտանգությունը: Ռուսական զենքը մենք գնում ենք գործարանային գներով, եւ եթե չընդգրկվենք ԵՏՄ-ին, իրավիճակը կփոխվեր, կփոխվեր նաեւ մեր ռազմական ներուժը», - նշեց Գագիկ Հարությունյանը: Քաղաքագետի խոսքով՝ երրորդ ասպեկտը ամենավիճելի տնտեսական հարցերն են. «Եթե մենք չմիանայինք Եվրասիական միությանը, ապա գազի եւ էներգառեսուրսների գները Հայաստանի համար կմոտենային միջազգային գներին, ինչը մեր երկրին բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնեցներ», - ընդգծեց Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանը միանալու Հայաստան մտադրության մասին հայտնի է դարձել 2013-ի սեպտեմբերի 3-ին: Այս պահին Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը:




























