Պատրաստ եմ կապող օղակ հանդիսանալ չինացի եւ հայ-գործարարների միջեւ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Պեկինում Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Չինացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ ԲՀԿ-ին հաջողվել է գործունեության 10 տարվա ընթացքում մեծ առաջընթաց  ապրել եւ չափազանց կարեւոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջեւ առկա քաղաքական,  տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չինացի եւ հայ-գործարարների միջեւ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար:

Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարեւորելով երկու կուսակցությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները՝ Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշելէ, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, ով մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:  Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ եւ ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այսօրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները: