Արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական վարչությունը համակարգի խնդիրներ լուծման վերաբերյալ ունի նույն կարծիքը, իսկ նախարար Հովհաննես Մանուկյանն աջակցելու է Արթուր Օսիկյանին, որ դատապարտյալների պայմանները բարելավվեն։

«Այս համակարգի խնդիրներն այնքան արծարծված են հասարակության մեջ, վերջին տարիներին այնքան քննարկված եւ ծեծված խնդիրներ են, որ նոր բան ասել հնարավոր չէ։ Այդ խնդիրներից են դատապարտյալների կենցաղային խնդիրները, ցմահ դատապարտյալների, նոր քրեակատարողական հիմնարկի խնդիրները։ Սրանք շատ հայտնի խնդիրներ են, եւ նոր ՔՊՎ պետը պետք է աշխատի դրանք լուծել։ Թիվ մեկ խնդիրը պետք է լինի դատապարտյալի պայմանների բարելավումը եւ կալանավայրում պատիժ կրելը չբերի բացասական հետեւանք մարդու համար թե հոգեբանական տեսակետից, թե հասարակությանն ինտեգրվելու տեսանկյունից»,- այսօր՝ սեպտեմբերի չորսին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Նշենք, որ ԱՆ քրեակատարողական վարչության պետ է նշանակվել ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։ Վերջինիս այսօր նախարարը ներկայացրեց ՔԿՀ պետերին։