Հնդկական գյուղերից մեկի ավագանին երիտասարդ աղջկան ամուսնացրել է թափառող շան հետ՝ հայտարարելով, որ միայն այդ կերպ է հնարավոր փրկվել շրջապատող չարից:
Մանգլի Մանդան, ով արեւելյան Ջարկհանդ նահանգի հեռավոր գյուղերից է, ամուսնացել է թափառաշրջիկ շան հետ:
Ամուսնությունը կազմակերպել է գյուղի ավագանին այն բանից հետո, երբ տեղի հեքիմներից մեկը համոզել է Մանգլիի ծնողներին, որ իրենց աղջիկը վատ կարմա ունի եւ տղամարդու հետ ամուսնությունը կործանարար կլինի ընտանիքի եւ ամբողջ գյուղի համար:
Շերու մականվամբ շանը գտել է աղջկա հայրն ու մեքենայով բերել հարսանիքի: Մանգլին, ով երբեք դպրոցում չի սովորել, ասել է, որ հիացած չէ շան հետ իր ամուսնությունից, սակայն ծնողներն այլընտրանք չեն թողել՝ հավաստիացնելով, որ դա կօգնի փոխել իր ճակատագիրը:
«Ես ամուսնացա շան հետ, քանի որ գյուղի ավագանին վստահ է՝ ամեն վատը, որ կա իմ մեջ, կփոխանցվի շանը: Այնուհետ տղամարդու կյանքին, ում հետ ես կամուսնանամ, ոչինչ չի սպառնա»,- ասել է հարսնացուն՝ «Mail Online»-ին տված հարցազրույցում:
Մանգլիի հայրը՝ Շրի Ամունդան, իր հերթին, պատմել է, որ ավագանին պահանջել է կազմակերպել հարսանիքը որքան հնարավոր է շուտ՝ հայտարարելով, որ հետաձգելու դեպքում չար ուժերը կամրապնդվեն ու շան հետ ամունության ծեսը չի կարողանա երաշխավորել դրանց վերացումը, հաղորդում է «FedPost.ru»-ն
Սովորույթների համաձայն՝ շան հետ ամուսնությունը չի ազդի Մանգլիի կյանքի վրա, եւ ավելի ուշ նա առանց ամուսնալուծության կարող է դարձյալ ամուսնանալ: Ընդ որում, առաջիկա մի քանի ամսում Մանգլին պետք է ապրի շան հետ, հոգ տանի նրա մասին:






























