Կոտայքի մարզի Բյուրեղավան ու Նոր Հաճըն քաղաքներում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի բարեգործական ճաշարանների պաշտոնական բացումը:

Այս առթիվ ՀՕՖ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

Կոտայքի մարզի սոցիալական ծանր պայմաններ ունեցող երկու քաղաքների ճաշարանները, որ գործում են 2014-ի գարնանից, ամեն օր այցելում է 300 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ ու բազմազավակ ընտանիքների անդամներ:

Մարթա Ղազարյանը երեք երեխա ունի, ամուսինը գործազուրկ է ու շշեր հավաքելով է կարողանում հոգալ վարձով բնակարանի գումարի հարցը: Մարթան լարված օրերին օգնում է Նոր Հաճընի բարեգործական ճաշարանի աշխատակազմին մինչ երեխաները սնվում են. «Շատ մեծ օգնություն ա էս ճաշարանը, քանի որ ամուսինս աշխատանք չունի ու էրեխեքս սոված չեն մնում»,- ասում է նա:

ՀՕՖ-ը օգնում է Հայաստանի սոցիալապես անապահով տարեցներին ու բազմանդամ ընտանիքներին հոգալ իրենց կենսական կարիքների մի մասը 1995 թվականից՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց առօրյա հոգսերն ու վստահեցնել նրանց, որ իրենք մենակ չեն: Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է, առավել դժվար է այն համայնքների բնակիչների համար, որոնք խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաքներ են եղել, այդ թվում եւ Բյուրեղավանն ու Նոր Հաճընը:

«Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել, որ Հայ օգնության ֆոնդը ձեզ հետ է, ու մենք պատրաստ ենք սատարել ձեզ ցանկացած հնարավորության դեպքում»,- բացման իր ելույթում նշեց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Ճաշարանները գործում են ի պատիվ երկու ականավոր հայ կանանց՝ Եղիսաբեթ Ջամբազյան-Մանգոյանի ու Եղիսաբեթ Ամբարյան-Ուզունյանի, որոնք դժվարին կյանք են ապրել, բայց միշտ պատրաստ են եղել կիսել իրենց ունեցածը կարիքավորների հետ:

Բարեգործական ճաշարանների շենքերը տրամադրել են Բյուրեղավանի ու Նոր Հաճընի քաղաքապետարանները, որոնց ղեկավարները նույնպես ներկա էին բացման արարողություններին:

«Իհարկե, շատ կարեւոր ու օգտակար աշխատանք է արվում: Սկզբում մարդիկ կաշկանդվում էին այցելել ճաշարան, բայց այսօր արդեն ազատորեն այցելում են ու բարեհամբյուր ձեւով ստանում իրենց այդքան անհրաժեշտ սնունդը»,- Բյուրեղավանի ճաշարանի բացմանն ասաց քաղաքապետ Հակոբ Բալասյանը: