Երեւանում գործող մանկապատանեկան մարզադպրոցները կմիավորվեն մեկ ընդհանուր համայնքային ոչ առեւտրային կազմակերպության մեջ, այսինքն՝ կենտրոնացված համակարգից կղեկավարվեն եւ կկորցնեն իրենց ինքնուրույնությունը: Մինչ այս՝ որպես առանձին ՀՈԱԿ-ներ հանդես եկող 25 մարզադպրոցներն, ըստ էության, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կմիավորվեն՝ «Երեւանի Սպորտ Կոմիտե» անվան տակ: Երեւանի ավագանու խորհուրդը, ի դեմս ՀՀԿ-ականների, այսօր՝ հունիսի 18-ին կայացած նիստում հաստատել է այս նախագիծը, որին դեմ են քվեարկել ԲՀԿ-ականները:

«Քաղաքապետարանում մենք ունենք սպորտի բաժին, այդ բաժինը առանձնացվեց, իսկ հիմա բացվում է սպորտկոմիտե, մենք քննարկել ենք եւ տեսել ենք, որ այդ երկուսի կանոնադրությունները հիմնականում համընկնում է: Այսինքն՝ հիմնավոր չենք համարում, որպեսզի սպորտկոմիտեում հավելյալ 30 հաստիք առաջանա՝ Երեւանի բյուջեից սնվող»,- NEWS.am-ի թղթակցին մեկնաբանել է ԲՀԿ-ական Գուրգեն Գասպարյանը: Վերջինս նշել է նաեւ որ իրենց համար ամենակարեւորն այն է, որ սոցիալ տնտեսական ճգնաժամի առկայության դեպքում այդ միաձուլումից ավելի քան 90 հաստիք կրճատվում է, ինչն իրենց համար անընդունելի է:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է ԲՀԿ-ի բոյկոտը խանդի դրսեւորում է՝ կապված քաղաքապետի սպորտային հետաքրքրությունների հետ, Գասպարյանը պատասխանել է. «Նման խնդիր չկա, որովհետեւ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է, ՀԱՕԿ-ը լրիվ ուրիշ գործառույթներով է զբաղվում, եւ աշխարհին ներկայացված Հայաստանը սպորտային առումով գիտեք՝ ինչ առաջընթաց ունի»: