Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ է մտահոգվում, որ կուտակայինի պատճառով երիտասարդ դասախոսներ հեռանում են համալսարանից: NEWS.am-ի հետ զրույցում ռեկտորը նշեց, որ ինքն այդ հարցը բարձրացրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ:

«Մոտ 2 տասնյակ աշխատողներ դիմումներ են գրել եւ հեռացրել մեր համալսարանից: Մեր արհմիությունը դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, եւ այս հարցը արդեն պետք է կառավարությունը քննարկի եւ լուծում գտնի: Ինքս էլ կրթության եւ գիտության նախարարին եմ դիմել, ինքն էլ իր հերթին վարչապետին է հայտնել»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ինքն էլ է մտածում իր աշխատողների մասին եւ պատրաստ է նրանց նորից աշխատանքի ընդունել:

Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի աշխատողների համար:

Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, որ ծնվել է 1974թ. հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերություններում ստացած իր աշխատավարձերից։