DigiCamp ամառային ճամբարը աշակերտներին եւ ուսանողներին նոր գաղափարներ է ներշնչել, սեպտեմբերի 4-ի լրագրողներին հայտնել է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշել է, որ երիտասարդությունը միայն նախագծեր կազմելով չի զբաղվել. պատանիների եւ աղջիկների հետ փորձով են փոխանակվել IT ոլորտի  մասնագետները:

Մրցույթում հետաքրքիր ծրագրեր էլ են եղել, հավելել է Վարդանյանը: Առաջին տեղն է զբաղեցրել փոքր չափերի սերմնացան ռոբոտի նախագիծը, երկրորդը` բաժանորդի հեռախոսազրույցներին հետեւող եւ սակագնային պլանի ընտրության հարցում խորհուրդ տվող ծրագիրը:

«Իհարկե, այդ ծրագրերը  երեխաներն ավելի լավ է հմուտ մասնագետների հետ զարգացնեն եւ դարձնեն կոմերցիոն:  Եվ նշեմ, որ երիտասարդության հետ հանդիպման եկած մասնագետները հաճելիորեն զարմացել են  երեխաների մակարդակից», – նշել է Վարդանյանը:

Ծաղկաձորում տեղի ունեցող ամառային ճամբարը, որը տեւել է օգոստոսի 1-10-ը,  կազմակերպել էր UITE-ն, գլխավոր հովանավորն էր Beeline ընկերությունը: Ծրագրին աջակցել են նաեւ «D-Link» ընկերությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: