Ամերիկյան Պերդյու համալսարանից հնագետ Իեն Լինդսին օգտագործում է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան, որպեսզի պատկերներ եւ տվյալներ ստանա Հայաստանում Բրոնզե դարի ժամանակաշրջանի տեղանքներից: Այս մասին գրում է «Laboratory Equipment» ամսագիրը՝ նշելով, որ Հայաստանի տարբեր վայրերում նկարահանված տեսանյութը հասանելի է համացանցում:
«Անօդաչու սարքերը նոր գործիք են հնագետների համար: Դրանք լավ այլընտրանք են օդապարիկներին կամ տեսախցիկով կռունկներին, որոնք օգնում են վավերագրել այդ հնագույն վայրերը: Անօդաչու սարքերը վերեւից մանրակրկիտ պատկեր են ապահովում, ինչը երբեք չենք ունեցել: Օգտագործելով այդ տեխնոլոգիան՝ հնագետները կարող են ավելի արդյունավետ աշխատել՝ ծրագրելով պեղումները»,- ասել է պրոֆեսոր Իեն Լինդսին, ով Հարավային Կովկասում պեղումներ է կատարում արդեն 15 տարի շարունակ:





























