Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը:
Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը եւ դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը եւ հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը եւ ձեւը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանք կրելու կարգը: Սահմանվել է նաեւ, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են եւ համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին: Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձեւավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական եւ անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման եւ նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:





























