Թայլանդի 59-ամյա բնակչուհի Ջուանգջեյ Սամակսամամը գրեթե կես դար տառապում է ձեռքի մատների հազվագյուտ հսկայական ձեւի պատճառով: Նրա վերջույթները նմանվել են ջրատար խողովակների եւ յուրաքանչյուրը մի քանի տասնյակ կիլոգրամ է կշռում: Չնայած դրան, ըստ Daily Star-ի, կինը չի ցանկանում վիրահատվել:

Թայլանդուհին այդ հիվանդությամբ տառապում է մանկությունից: Մինչեւ 20 տարեկանը նա ամաչել է տանից դուրս գալ, որպեսզի մարդիկ չտեսնեն իր հսկայական ձեռքերը: Բայց հետո ծնողները Ջուանգջեյ Սամակսամամին ստիպել են աշխատել ընտանեկան խանութում, որտեղ նա աշխատում է մինչեւ այսօր: Միայնակ կնոջ համար չափազանց դժվար է այդպես ապրել, քանի որ պարզագույն գործողությունները, ինչպիսիք են, օրինակ, լողանալը կամ պատառաքաղ գործածելը, նրան ուժեղ ցավ են պատճառում:

Ըստ Vesti.ru-ի, երբ Ջուանգջեյը 25 տարեկան է եղել, վերջույթներից ճարպի հեռացման առաջին վիրահատությանն է ենթարկվել, սակայն շուտով ճարպի պաշարները վերականգնվել են, իսկ ձեռքերը՝ սարսափելի ուռել: Բժիշկներն ասում են՝ նրան տառապանքներից ազատելու միակ միջոցը ձեռքերի անդամահատումն է: Սակայն կինը չի համաձայնվում՝ վստահ, որ մասնագետները շուտով կկարողանան բուժել իրեն:

Ջուանգջեյի խնդրի մասին գիտեն տարբեր երկրների բազմաթիվ բժիշկներ, սակայն նրան ոչ ոք օգնել չի կարողանում: Ամեն դեպքում, կինը կարծում է, որ ավելի լավ է ունենալ հիվանդ ձեռքեր, բայց՝ սեփականը, քան ժամանակակից պրոթեզներ: