Հայաստանն ավելի քան 6 ամիս տեւած գործընթացի արդյունքում դարձել է Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպության անդամ 46-րդ երկիրը: Այս մասին տեղեկացնում է գինեգործական «Viti» ամսագիրը:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Ժամ-Մարի Օրանը ողջունել է կառույցին միանալու՝ Հայաստանի կառավարության որոշումը, նշելով, որ Հայաստանի անդամակցությունը ձեւակերպվելու է 2014 թվականի նոյեմբերի 14-ին Արգենտինայում նախանշված կազմակերպության գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Նշենք, որ ապրիլին Օրանի հետ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության նախարարն ընդգծել էր, որ երկրի գինեգործության սեկտորը զգալի աճ է արձանագրում, իսկ միջազգային մակարդակով ոլորտի զարգացումը Հայաստանի կառավարության ռազմավարական ծրագրի մաս է: