Ռասիզմի կամ ռասիզմի հողի վրա բռնություն հրահրելու մասին Հունաստանի օրինագծի երկրորդ հոդվածում փոփոխություններ են մտցվել, որոնց համաձայն՝ Հայերի կամ Հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հունաստանի հայկական «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ օրինագծի շուրջ առաջին քվեարկությունն արդեն կայացել է: «Օրինագծում արձանագրվել են այն փոփոխությունները, որոնք մեզ հետաքրքրում էին: Այդ կետերը ներառվել են օրինագծում: Դրա շուրջ 300 պատգամավորների մասնակցությամբ վերջնական քվեարկությունը Հունաստանի խորհրդարանում կայանալու է սեպտեմբերի 5-ի երեկոյան»,- նշեց Հռիփսիմե Հարությունյանը:

Խմբագիրը նաեւ հավելեց, որ Հայ Դատի հանձնախմբի անդամները շարունակում են հանդիպումները: «Պոնտոսցի հույների հետ համատեղ հայտարարություն է տարածվել, նաեւ նամակ է ուղարկվել հունական խորհրդարանի պատգամավորներին, որտեղ կոչ է արվում հանդես գալ ճշմարտության եւ արդարության օգտին»,- ընդգծեց նա: Սկզբում, ըստ նրա, օրինագծի երկրորդ հոդվածում ընդհանուր ձեւակերպումներով խոսք էր գնում «մարդկության դեմ հանցագործության նշանակության» ժխտումը դատապարտելու մասին:

«Մեր ճնշումների շնորհիվ այդ կետը փոխարինվել է հետեւյալ ձեւակերպմամբ. Հայերի կամ Հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն»,- նշեց «Ազատ օր»-ի գլխավոր խմբագիրը:

Հիշեցնենք, որ օրինագծի շուրջ քննարկումները Հունաստանի խորհրդարանում կայացել են սեպտեմբերի 2-ին: