Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտը բավականին մեծ վնաս է հասցրել բնակիչներին. վնասվել են կայանված մարդատար ավտոմեքենաների ապակիներն ու բնակարանների տանիքներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Իրականում բավականին մեծ վնաս է պատճառել կարկուտը, ըստ տարեց մարդկանց՝ իրենց ապրած տարիներին նման բան չէին տեսել: Իմ հանձնարարությամբ մարզպետարանի աշխատանքային խումբն արդեն տեղում ծանոթացել է, հիմնականում մեքենաներն ու ազբոշիֆերով բնակարաններն են տուժել, ի դեպ այդպիսի բնակարաններ Ճամբարակում շատ կան: Այս պահի դրությամբ հանձնաժողովն աշխատում է տեղում, որոշում վնասի չափը: Հետագայում արդեն մանրամասն թվերը կներկայացնենք»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:

«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա: