Պահպանողական  կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի հարցերին:

Պարոն Հայրապետյան, լրացավ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշման մեկ տարին: Այս ընթացքում ի՞նչ կորցրեց կամ շահեց Հայաստանը:

Այդ ընթացքում Հայաստանը շահեց ժամանակ եւ չարժանացավ Ուկրաինայի ներկա վիճակին: Հայաստանը կորցրեց Քաղաքացու մակարդակում. 23-ամյա մանուկ պետության քաղաքացու գիտակցության մեջ ազատության, ինքնավստահության, արժանապատվության արժեքների խորքային սասանումներ եղան:

Ինչո՞ւ Հայաստանում ՄՄ-ին միանալու դեմ քիչ թե շատ հզոր շարժում չի ձեւավորվում:

Իսկ մի՞թե Հայաստանում կկամենային ունենալ ուկրաինական ներկան: Ձեր նշած շարժումը, փառք Աստծո, կա, բայց ոչ արկածախնդրական այն աստիճանի, որ անկյուն քշված ռուսական ներկա վերնախավին հրահրի մեր երկիրը եւս կործանման տանելու, իսկ ներկա Ռուսաստանը դեռեւս այդ բացասական ներուժն ունի: Կա քարերը նետելու եւ քարերը ժողովելու ժամանակը:

Անդրադառնանք քառյակին (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»): Մոտ կես տարի է՝ այս 4 ուժերը գործունեություն են ծավալել այս ձեւաչափով, արդյոք դա որեւէ բան փոխեց ժողովրդի կյանքում եւ մեր իրականության մեջ: Ինչպե՞ս եք գնահատում քառյակի գործունեությունը, հնարավոր համարո՞ւմ եք դրա պառակտումը, քանի որ լրատվամիջոցներում անընդհատ խոսվում է առկա հակասությունների մասին:

Հայկական լրատվական եւ փորձագիտական համայնքը դեռեւս չունի արհեստավարժության ցանկալի աստիճանը, ուստի մեծահոգաբար է պետք մոտենալ նրանց մտավարժանքներին: Իսկ քառյակի պառակտման կամ անքակտելիության խնդիրը հենց քառյակի խնդիրն է, որ քիչ բանով է շոշափում մեր պետականության հետ առնչվող, բառի իսկական իմաստով, քաղաքականության տիրույթները:

Ռոբերտ Քոչարյանը նորից հարցազրույց տվեց, «Կենտրոն» հ/ը-ով ցուցադրվեց նրա մասին քարոզչական ֆիլմ, ըստ ձեզ՝ ինչի՞ կհանգեցնի երկրորդ նախագահի այս պարբերական ակտիվությունը: Հնարավո՞ր է նա փորձում է վերադառնալ քաղաքականություն քառյակի միջոցով:

Շնորհակալություն ֆիլմի մասին տեղեկատվության համար.հայկական հեռուստաալիքներին հետեւելը մեր գեղագիտական ընկալումներից դուրս է: Պարոն երկրորդ նախագահի իրավունքն է մեծ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու շուրջ հաշվարկներ անելը, միջոցներ ու գործիքներ որոնելը, որ քիչ բանով պետք է հետաքրքրի դեպի ապագան նայող Հայաստանի քաղաքացիներին:

Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ քառյակը սատարի Քոչարյանին հաջորդ ընտրություններում, հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը  եւ «Ժառանգությունը» մինչ օրս մարտի 1-ի գլխավոր մեղավոր են համարում հենց Քոչարյանին:

Նախ՝ հաջորդ ընտրություններում դեռ պարոն երկրորդ նախագահը պետք է առաջադրվի կամ առաջադրվելու հնարավորություն ունենա, որ խնդիրը դառնա արդիական եւ ուշադրության արժանի, երկրորդ՝ որեւէ թեկնածուի՝քառյակի սատարումը կարող է իրենից արժեք ներկայացնել, եթե քառյակն ինքը սատարվի:

Զրուցեց` Ինգա Մարտինյանը