Հայ ժամանակակից գրողները մեծ պահանջարկ չունեն ընթերցողների շրջանակներում: Այս մասին այսօր՝սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն, Մադլեն Հովսեփյանը:

«Հայ ընթերոցողները նախընտրում են կարդալ Թումանյան, Շիրազ, Րաֆֆի, եւ համաշխարհային գրականության մեծերին: Կրտսեր դպրոցականները նախընտրում են հեքիաթները, միջին տարիքի դպրոցականները կարդում են արկածային գրականություն, իսկ ուսանողները՝այն գրականությունը, որը կապված է իրենց մասնագիտության հետ»,- ասաց Մադլեն Հովսեփյանը:

Գրադարանի փոխտնօրենի խոսքով՝ վատ է, որ այսօր ԿԳՆ-ը դպրոցներին չի տալիս պարտադիր ընթերցանության գրականության ցանկերը. «Նախկինում ցանկեր էր տալիս, որպեսզի դպրոցում սովորող երեխաները կարդան, իսկ հիմա դա համընդհանուր չէ, ստացվում է, որ ամեն դպրոց ինքն է որոշում՝ ինչ կարդան»:

Մադլեն Հովսեփյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրը, Խնկո Ապոր գրադարանում ինչպես ամեն տարի այս տարի էլ լինելու է գրքի շնորհանդես, քննարկումներ: