«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ անձինք այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված եւ տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:
«Պետական գնումների միջոցով դեռեւս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որեւէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող եւ անվճար դեղորայք ստացող մեր շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետեւանքներ է առաջացրել: Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց եւ նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, եւ նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Միթե՞ այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին եւ գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաեւ հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին: Այս ցավալի խնդրով դիմել ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, ով, ուսումնասիրելով այն, հորդորել է լուծում տալ դրան, սակայն մինչ օրս առողջապահության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Խնդրում ենք Ձեր անմիջական հանձնարարականը խնդիրը կարգավորելու վերաբերյալ, որը հնարավոր է բացառապես ցածրորակ, անօգուտ դեղորայքը շրջանառությունից հանելու եւ դրա ձեռքբերման վրա պետական միջոցների վատնումը բացառելու ճանապարհով»,- ասվումէ նամակում:





























